19/06/2021 10:09
«Ժողովուրդ». Ընտրություններից հետո մարդիկ պետք է վերադառնան իրենց բնականոն կյանքին ու սկսեն երկիրը շենացնել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«2018թ.-ից Հայաստանը նման է եռացող կաթսայի, երկրորդ համապետական ընտրությունը, Երևանի քաղաքապետի մեկ ընտրություն, կորոնավարակ, պատերազմ, հազարավոր զոհեր ու վիրավորներ, կորցված տարածքներ, տարածաշրջանի մշուշոտ ապագա:
Պետք չէ պայծառատես լինել՝ հասկանալու համար, որ այսպիսի բևեռացված հասարակություն ունենալը ոչ մի լավ տեղ չի տանում, մարդիկ իրար համարում են դավաճաններ, հայհոյանքը դարձել է սովորական բան, ու կան կանխատեսումներ, որ արդեն հունիսի 21-ից հնարավոր է կրքերի թեժացում՝ ընդհուպ մինչև բախումներ: Նույնիսկ ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն տարածեց, որով կոչ արեց իր քաղաքացիներին մոտական երկու շաբաթներին զերծ մնալ Հայաստան այցելելուց կամ մասսայական կուտակումների վայրերում զբոսնելուց:
Մեզանից յուրաքանչյուրն ունի տարբեր քաղաքական հայացքներ. ընտրութունները հենց դրա համար են, որ կուտակցված էներգիան պարպվի, մարդիկ վերադառնան բնականոն կյանքին ու սկսեն երկիրը շենացնել։ Մեկ տարի ևս իրարանցում ու ցնցումներ՝ բաց կթողնենք ինքներս մեզ վերգտնելու, նորից ուժեղ ու կազմակերպված պետություն դառնալու շանսը: Միասնականություն մեզ պետք է առավել, քան երբևէ:
Այս օրերին մեզ տեղեկություններ են հասնում, որ ընտրապայքարին մասնակցող մի քանի ուժեր գիտակցում են միասնականության քայլի կարևորությունը ու պատրաստվում են ընտրությունների ավարտից հետո նման կոչերով հանդես գալ, բայց նաև գիտակցում են, որ հետընտրական պրոցեսներն իսկապես կարող են վտանգավոր լինել, և դեռ չեն բարձրաձայնում նման մտադրությունների մասին:
Պատմությունը հետաքրքիր բան է. երբ երկու ուժ երկար ժամանակ իրար դեմ են պայքարում, ապա գալիս ու հաղթում է երրորդ մի ուժ, ուստի թե՛ ապագա հաղթողը, թե՛ ապագա պարտվողը կամ պարտվողները պարտավոր են հանուն մեր երկրի ապագայի հունիսի 21-ից մի կողմ դնել սևեր ու սպիտակներ, դավաճաններ ու հայրենատերեր կործանարար գաղափարախոսություններն ու նայեն առաջ: Մեր հայրենիքը վեր է բոլորիցս, բոլորիս հայացքներից ու այսրոպեական շահերից»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: