20/06/2021 11:47
«Հանուն Հայաստանի և Արցախի ապագայի». Արթուր Վանեցյանը մասնակցեց քվեարկությանը (Տեսանյութ)
«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը մասնակցեց քվեարկությանը: Նա լրագրողներին ասաց, որ քվերակելու է հանուն Հայաստանի և Արցախի ապագայի:
«Այսօր ուղղակի ընտրություններ չեն, այսօր Հայաստանի լինելու և չլինելու ընտրություն է», - նշեց թեկնածուն:
Մեկնաբանելով ընդդիմության նկատմամբ բռնությունները՝ նա ասաց, որ իշխանությունը հոգեվարքի մեջ է և նրանց բոլոր քայլերը միտված են ընդդիմության դիրքերը թուլացնելուն:
«Նրանք հասկանում են, որ Հայաստանում այլևս երբեք վերարտադրվելու, իշխանություն կազմելու հնարավորություն չունեն: Ուստի, վերջին ճիգրեն են գործադրում իրենց իշխանական աթոռներից կառչած մնալու համար», - ասաց վարչապետի թեկնածուն:
Արթուր Վանեցյանը մատնանշեց նաև բազմաթիվ խախտումների վերաբերյալ ահազանգերը.
«Մեր քվեաթերթիկների վրա ինչ-որ նշում կա, ընտրատեղամասերում ընտրողներին մեր քվեաթերթիկները չեն տալիս, իշխանական թևի ներկայացուցիչները ուղղորդում են զինվորականներին, ոստիկանական ուժերի կողմից մեր շտաբների նկատմամբ իրականացվում են ճնշումներ: Երեկ ձերբակալվել են Եղեգնաձորի մեր շտաբի ներկայացուցիչները: Որևէ հիմնավոր ապացույց ներկայացված չէ փաստաբաններին: Դա արվել է ընտրությունների ընթացքում մեր թիմակիցներին 72 ժամով ընտրական գործընթացներից հեռացնելու համար»:
«Պատիվ ունեմի» վարչապետի թեկնածուի կարծիքով՝ որևէ հետընտրական զարգացում չի լինի:
«Ընտրությունների արդյունքները կփաստեն, թե Հայաստանում ով է կազմելու իշխանություն», - ասաց նա: