20/06/2021 16:56
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի մի շարք աշխատակիցների ձերբակալումն ապացուցում է, որ հոգեվարքի մեջ գտնվող և պարտված իշխանությունն «սկսել է ձեռքը գցել փրփուրներին»․ Դավիթ Հարությունյան
«Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․
«Երեկ, հունիսի 19-ին, ձերբակալվել են «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի մի շարք աշխատակիցներ, այդ թվում` պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը: Ձերբակալման որոշում կայացրած մարմինը գործել է բացարձակապես ապօրինի, իսկ Գոռ Սեդրակյանի պարագայում` ակնհայտորեն կատարել է ՀՀ քր.օր-ի 309 հոդվածով նախատեսված հանցանք:
Աներկբա է, որ այդ քայլերը ունեն մի նպատակ` խանգարել հոգեվարքի մեջ գտնվող իշխանության ընդդիմադիրների գործունեությունն ընտրության օրը: Բնական է, որ նշված ապօրինությունը բողոքարկվել է օրենքով սահմանված կարգով, սակայն դատական նիստին քննիչները չներկայացան, պատճառաբանելով զբաղված լինելը, թեև այդ քննչական խմբում ներգրավված է 7-8 քննիչ:
Ավելին, նրանք միջնորդել են նիստը հետաձգել մինչև ժամը 23-00` նպատակ ունենալով մինչև քվեարկության ավարտը արհեստականորեն շարունակել արգելանքի տակ պահել շտաբի ներկայացուցիչներին: Նշվածը մեկ անգամ ևս ապացուցում է, որ պարտված իշխանությունը ժողովրդական խոսքով «սկսել է ձեռքը գցել փրփուրներին»:
Գոհունակությամբ նշում ենք, որ չնայած ճնշումների, դատարանը գտնվել է պատշաճ բարձրության վրա, տալով քննիչներին դատարան ներկայանալու մեկ ժամ ժամանակ»: