20/06/2021 13:18
Սերժ Սարգսյան. Ողջ իրավապահ համակարգն ակնհայտ հրահանգավորմամբ լծված է մեր դեմ բիրտ ուժ կիրառելուն (Տեսանյութ)
Ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, հանուն հզոր հայկական բանակի, հանուն մեր սահմանների անձեռնխելիության և հանուն մեր հասարակության հաշտեցման, Ձորաղբյուրի 29/45 տեղամասում քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Սերժ Սարգսյանը։
Անդրադառնալով ընտրախախտումներին՝ Սերժ Սարգսյանն ասաց, թե ողջ իրավապահ համակարգը, հատկապես քարոզարշավի վերջին օրերին ակնհայտ հրահանգավորմամբ լծված են իրենց դեմ բիրտ ուժ կիրառելուն։
«Անհասկանալի հրավերներ իրավապահ մարմինների բաժիններ, անօրինական խուզարկություններ՝ առանց դատարանի որոշման, անօրինական ձերբակալություններ։ Ուշադիր հետևում ենք իրադարձություններին և կարծում եմ՝ օրվա երկրորդ կեսին միջանկյալ հայտարարություն կանենք և մեր հիմնական հայտարարությունը կանենք քվեարկության ավարտից անմիջապես հետո», - ասաց Սերժ Սարգսյանը։
Հարցին, թե «Հայաստան» դաշինքի հետ համագործակցության հնարավորություն տեսնում է, Սերժ Սարգսյանը պատասխանեց, թե ընտրությունների արդյունքներից հետո դրա մասին կխոսի։
«Հիմա վաղ է խոսել», - ասաց նա: