21/06/2021 15:49
Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է սկսել հարաբերությունների կարգավորում
Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորել: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
Նա նշել է, որ Բաքվի դիրքորոշումը հայտնի է և մնում է անփոփոխ, այն մեկ անգամ չէ, որ արտահայտել է հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը:
«Ադրբեջանը, հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության հարգանքի վրա, հարաբերությունների կարգավորման կողմնակից է (Հայաստանի հետ՝ խմբ.), և այդ ուղղությամբ առաջարկ է արվել», - Բայրամովի խոսքը մեջբերում է РИА Новости-ն:
Պաշտոնական Բաքուն կարծում է, որ տարածաշրջանի երկրների փոխադարձ համագործակցությունն այլընտրանք չունի, ավելացրել է նա: