22/06/2021 10:48
Ռուսական կողմի հետ բանակցություններ են ընթանում սահմանին սահմանապահներ տեղակայելու ուղղությամբ. ԶՈՒ ԳՇ պետ
Գործընթացներն ընթանում են, երբ կլինի վերջնական որոշում, անպայման տեղյակ կպահենք, այս պահին վերջնական որոշում չկա, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ռուս սահմանապահների տեղակայմանը, ասաց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Ավելի վաղ Գեղարքունիքի մարզպետը հայտնել էր, թե որոշում է ընդունվել, որ սահմանին պետք է տեղակայվեն ռուս սահմանապահներ, իսկ հայկական և հակառակորդի զորքերը պետք է հետ քաշվեն։
«Վերջնական որոշումը միայն մեր կողմից ցանկությունը չէ, դրան մասնակցում են նաև այլ կողմեր, դրա համար բանակցություններն ընթանում են։ Լինելու է այդպես, ինչպես նշեցիք, բայց վերջնական երբ կլինի, և տեխնիկական հարցերով լրացուցիչ կասենք», - ասաց Արտակ Դավթյանը։
Հարցին, թե ադրբեջանական կողմից համաձայնություն կա՞, ԳՇ պետը պատասխանեց, թե մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք։
«Բանակցություններն ընթանում են ռուսական կողմի հետ, որովհետև կան հարցեր, մեր նպատակն է առանց բախումների մեր տարածքում հայտնված ադրբեջանական ստորաբաժանումների հետ քաշումն է», - ասաց Դավթյանը։