22/06/2021 11:38
Մանդատները վերցնել կամ չվերցնելու վերաբերյալ «Հայաստան» դաշինքում դեռ վերջնական որոշում չունենք. Ռոբերտ Քոչարյան
Մանդատները վերցնել կամ չվերցնելու վերաբերյալ «Հայաստան» դաշինքում դեռ վերջնական որոշում չունենք, լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Երեկ քննարկման ժամանակ Սեյրան Օհանյանը մի համեմատություն արեց, ասաց, որ մարտական գործողությունների ժամանակ, եթե ամբողջական խնդիրը չի լուծվում, բայց դու վերցնում ես ինչ-որ խրամատներ, ապա պետք է անպայման այդ խրամատները ոչ թե պահես, այլ նաև ամրացնես հետագա գրոհի համար։ Հիմա պատերազմ չի, բայց քաղաքական պայքար է և այդ համեմատությունը միգուցե ավելի մեղմ տերմիններով կարելի է կիրառել այս պարագայում։
Համարում եմ, որ մենք ստացել ենք մեր պայքարը շարունակելու համար շատ լուրջ, նոր հնարավորություններ», - ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ տրամադրված են շարունակելու պայքարը և խորհրդարանական պայքարը միայն կարող է ուժեղացնել, այլ ոչ թե փոխարինելու է փողոցային պայքարին։
«Մենք ունենք նաև փողոցային պայքարի մեծ փորձ և կարծում եմ, որ այդ համատեղումը միայն ուժեղացնում է մեր հնարավորությունները», - ասաց Քոչարյանը։
Նա նշեց նաև, թե այս ընտրություններն էապես փոխեցին քաղաքական լանդշաֆտը։