22/06/2021 10:33
ԱՄՆ-ն շնորհավորել է Հայաստանին ընտրությունների կապակցությամբ՝ կոչ անելով հարգել ընտրությունների արդյունքները
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարություն է տարածել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ՝ նշելով, որ սպասում են Հայաստանի նոր կառավարության հետ աշխատանքին՝ միտված երկկողմ հարաբերությունների ու համագործակցության մեծացմանը։
«Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։ Մենք ողջունում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրական դիտողական առաքելության ընդհանուր դրական գնահատականը։ Ուրախալի է, որ ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացություններով ընդհանուր առմամբ ապահովվել է հարգանք ընտրողների մարդու իրավունքների ու հիմնարար իրավունքների նկատմամբ, մրցապայքարի դուրս եկած ուժերը կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել , և ԺՀՄԻԳ-ը դրական է գնահատել քվեարկության օրվա քվեների հաշվարկը։ Մենք կիսում ենք ԺՀՄԻԳ-ի մտահոգությունները մրցապայքարի հիմնական ուժերի շրջանում տիրող սուր բևեռացվածության և բորբոքիչ հռետորաբանության վերաբերյալ։ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին հորդորում ենք հաստատվելուն պես հարգել այս ընտրությունների արդյունքները, մտահոգության տեղիք տվող հարցերի կարգավորման համար կիրառել ընտրաբողոքների համար սահմանված իրավական գործընթացը և խուսափել քաղաքական հաշվեհարդարներից, որպեսզի Հայաստանը շարունակի հետամուտ լինել իր ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ ու բարեկեցիկ ապագային։
Միացյալ Նահանգները պատրաստ է ամրապնդել ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված իր գործընկերությունը Հայաստանի հետ։ Մենք գովեստով ենք արձանագրում առաջընթացը, որ Հայաստանն ունեցել է բարեփոխումների ու կոռուպցիայի դեմ պայքարի իր ջանքերում և խրախուսում ենք Հայաստանին շարունակել ընթացքն այդ ճանապարհով՝ հայ ժողովրդի 2018թ․ գարնանն արտահայտած հավակնություններին համահունչ։ Բոլոր կողմերին հորդորում ենք հարգել իրավունքի գերակայությունը և ժողովրդավարական սկզբունքները և սպասում ենք Հայաստանի նոր կառավարության հետ մեր աշխատանքին՝ միտված երկկողմ հարաբերությունների ու համագործակցության մեծացմանը։
Գովեստով ենք արձանագրում դեսպան Լին Թրեյսիի և Հայաստանում ԱՄՆ դեսպանության անձնակազմի ամուր ու շարունակական աջակցությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը։ Նրանց նվիրվածության ու եռանդագին աշխատանքի միջոցով մենք կշարունակենք խորացնել հայ-ամերիկյան գործընկերությունը», - ասված է ուղերձում: