22/06/2021 17:11
Ես հավատում եմ արդարադատությանը և համոզված եմ, որ դատարանը ճիշտ որոշում կկայացնի. Արմեն Չարչյան
Ինձ առաջադրված մեղադրանքն ինձ համար բացարձակ անհասկանալի է, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը։
«Դա կրում է խիստ քաղաքական բնույթ՝ որպես քաղաքական տեռոր», - ասաց նա։
Նա նշեց՝ հավատում է արդարադատությանն ու համոզված է, որ դատարանը ճիշտ որոշում կկայացնի։
Երեկ Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Քննիչը որոշում է կայացրել Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին։
Հիշեցնենք՝ համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում Արմեն Չարչյանը ԲԿ-ի աշխատակիցներին կոչ էր անում պարտադիր մասնակցել ընտրություններին։ Արմեն Չարչյանը ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։
Մայր Աթոռ-ն անդրադարձել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի ձերբակալությանը՝ իրավապահ մարմիններին հորդորելով անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին։
Արմեն Չարչյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ դատախազը միջնորդություն էր ներկայացրել ԿԸՀ։