23/06/2021 17:21
44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանն ու գերությունից վերադարձած Էրիկ Գասպարյանը մորաքրոջ որդիներ են
44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանն ու գերությունից վերադարձած Էրիկ Գասպարյանը մորաքրոջ որդիներ են, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է նահատակված հերոսի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը:
«2020թ-ին, երբ պատերազմական գործողությունները սկսվեցին, Ջրականի (Ջաբրայիլ) նույն զորամասում էր գտնվում նաև Ալբերտ Հովհաննիսյանի մորեղբոր տղան՝ Գասպարյան Էրիկը։ Ալբերտն ու նորակոչիկ Էրիկը մեկ անգամ էին հասցրել իրար տեսնել ու հարազատական հանդիպումից ոգևորվել, երբ Արցախում խաղաղությունը խաթարվեց։ Էրիկին էլ շատ երկար ենք փնտրել, լուրեր չկային ու երբ փաստեր հայտնվեցին, որ գերության մեջ է հայտնվել, Ալբերտի ու Էրիկի միջև բարեկամական կապը չբացահայտելու համար լռում էի ու բոլորին հորդորում նույնն անել՝ Էրիկի իսկ անվտանգությունից ելնելով։
Փառք Տիրոջը, Էրիկն արդեն տասն օր է՝ հայրենիքում է, մեր կողքին։
Եվ այսօր Էրիկի հետ Ալբերտի ամենասիրելի վայրում ենք՝ Հաղարծնի վանական համալիրում. էստեղ Ալբերտի ներկայությունը անբացատրելի ձևով զգում ես ու նրանց հանդիպումը, ցավոք, էսպես կայացավ։
Մենք աղոթեցինք գերության մեջ գտնվող մյուս հայրենակիցների և անհայտ կորած զինվորների համար։
Պատերազմի արհավիրքն հաղթահարած տղե՛րք, Էրիկ ջան, ձեր ցավը տանեմ, դուք միայն ձեր ապրած տարիներով եք երիտասարդ, բայց անասելի անգամ ուժեղ եք ու հզոր», - գրել է Արտակ Հովհաննիսյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ: