23/06/2021 11:04
Հայկ Մարությանի կարգադրությամբ մի շարք հասցեներում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ (Տեսանյութ)
Երևանի քաղաքապետի կարգադրությամբ մի շարք հասցեներում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ:
Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան, Մարգարյան և Հասրաթյան փողոցներում Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները ՀՀ ոստիկանության ուժերի գործուն աջակցությամբ ապամոնտաժել են համայնքի հողի վրա վերջին օրերին՝ հիմնականում գիշերային ժամերին կառուցված ապօրինի կրպակները:
Ինքնակամ կառուցված կրպակներ են քանդվել նաև Շենգավիթ վարչական շրջանում:
Որոշ հասցեներում ինքնակամ կառույցների սեփականատերերը խոստացել են խիստ սեղմ ժամկետներում սեփական միջոցներով քանդել ապօրինի կառույցները:
Հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակական է լինելու:
Երևանի քաղաքապետարանը կրկին հորդորում է հարգել օրենքը և զերծ մնալ հանրության շահը ոտնահարող գործողություններից: