23/06/2021 09:49
«Հրապարակ». Մարդ կուսակցություններին պաշտոններ կառաջարկվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հասարակությանը 3 տարի պառակտած և ատելության մթնոլորտ սերմանած Նիկոլ Փաշինյանը ընտրություններից հետո որոշել է հանրային համերաշխություն հաստատել քաղաքական դաշտում։ Եվ դա անել ոչ թե իր հետ անհաշտ արմատական ընդդիմության, իրեն մերժող ՀՀ քաղաքացիների հետ, այն անձանց հետ, ում վիրավորել է ու վարկաբեկել, այլ «իր տակ պառկած», իրեն հլու-հնազանդ ուժերի, որոնց հետ առանց այդ էլ համերաշխ էր։
Երեկ նա՝ ընտրությունների թանաքը դեռ չչորացած, ընդունել է մարդ-կուսակցությունների ներկայացուցիչներին, որոնք ԱԺ չեն անցել. «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, նորաստեղծ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանին, Շիրինյան-Բաբաջանյան ռոմանտիկ դաշինքի անդամներ Լևոն Շիրինյանին և Արման Բաբաջանյանին, Սամվել Բաբայանին, ՔՈ վարչության անդամ Սուրեն Սահակյանին։ Նրանց, հավանաբար, պաշտոններ կառաջարկի»։