24/06/2021 17:21
«Կարմեն» օպերան կրկին հայաստանյան բեմում է
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 25-ին տեղի կունենա ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտոր Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի հերթական ցուցադրությունը:
2018 թվականին Դուբայի օպերային թատրոնում մեծ հաջողությամբ իրականացված հյուրախաղերից հետո Ժ. Բիզեի «Կարմեն» օպերան ներկայացվեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Բեմադրությունը իրականացվել է մաեստրո Կոնստանտին Օրբելյանի անձնական նախաձեռնությամբ և ջանքերով, ինչպես նաև՝ «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամի աջակցությամբ:
Ժամանակակից շնչով ներկայացվող «Կարմենի» բեմադրող ռեժիսորը Նաիրե Ստեփանյանն է, իսկ բեմադրող դիրիժորը՝ Քրիստոֆեր Օկասեկը (ԱՄՆ), բեմադրող նկարիչ՝ Ավետիս Բարսեղյան (ՀՀ վաստ.նկարիչ), զգեստների նկարիչ՝ Քրիստինե Ավետիսյան ,խմբավար՝ Հրաչ Բորյան: Ներկայացմանը մասնակցում է Ձայնի պահպանման վոկալ երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբումը, խմբավար՝ Էմմա Առաքելյան:
«Ժ. Բիզեի «Կարմեն» օպերան մեր թատրոնում նոր բեմադրությամբ ներկայացվում է 2018 թվականից, սա մեր թատրոնի վերջին տարիների այն պրեմիերաներից է, որն իսկապես մեծ հաջողություն ունեցավ՝ արժանանալով նաև միջազգային հեղինակավոր պարբերականների բարձր գնահատականին: Սա շքեղ, նորովի մատուցմամբ ներկայացում է, որն անպայման արժե տեսնել, վայելել Բիզեի անկրկնելի ստեղծագործությունը մեր տաղանդաշատ արտիստների մասնակցությամբ»,- իր խոսքում նշեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը:
Գլխավոր դերերում հանդես կգան Գրետա Բագիյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Գեորգի Առաքելովը և այլք: Ի դեպ, Լիպարիտ Ավետիսյանը օրեր առաջ մեծ հաջողությամբ նույն բեմում հանդես եկավ մաեստրո Դոմինգոյի հետ:
«Սա, ինչպես Լիպարիտի, այնպես էլ մեր թատրոնի հպարտությունն է: Հերթական ապացույցը այն անհերքելի փաստի, որ մեր թատրոնում կան տաղանդաշատ այնպիսի արտիստներ, որոնց մասին մենք դեռևս շատ կլսենք», - ընդգծեց տնօրենը:
Բիզեի «Կարմեն» օպերան (ըստ Պրոսպեր Մերիմեի համանուն նովելի) 19-րդ դարի ռեալիստական օպերային արվեստի գլուխգործոցներից է. նրա երաժշտայնությունը հագեցած է զորեղ դրամատիզմով, արտահայտիչ մեղեդայնությամբ, հստակ գործիքավորումով: «Կարմեն» օպերան ներկայումս ընդգրկված է աշխարհի հեղինակավոր թատրոնների մշտական խաղացանկում: Այն առաջին անգամ բեմադրվել է 1875 թ. մարտի 3-ին Փարիզի «Օպերա Կոմիկ» թատրոնում: Օպերան սկզբնական շրջանում սուր քննադատության է արժանացել, սակայն 1875 թ. հոկտեմբերին բեմադրվել է Վիեննայում, ինչից էլ սկսվել է «Կարմեն»-ի համաշխարհային հռչակը:
Դեռևս 1880 թվականին Պյոտր Չայկովսկին կանխատեսել է, որ Բիզեի «Կարմեն»-ը միշտ կմնա աշխարհում ամենաճանաչված ու ամենասիրված օպերան:
«Կարմեն» օպերան Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1924 թվականին Լենինականի օպերա-օպերետային թատրոնում, իսկ Երևանի օպերայի և բալետի թատրոնում՝ 1934 թվականին (դիրիժոր՝ Ս. Չարեկյան, բեմ.՝ Ա. Բուրջալյան):