24/06/2021 17:33
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում հարստության հարկ գանձել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ կոչ է արել երկրներին հարստության հարկ սահմանել՝ կորոնավիրուսային համավարակից տուժած աշխարհում տնտեսական իրավիճակը բարելավելու համար:
Նա հայտարարել է, որ մեկ տարվա ընթացքում աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունն աճել է 5 տրիլիոն դոլարով:
«Ես կրկնում եմ իմ կոչը կառավարություններին՝ դիտարկելու համերաշխության հարկ կամ հարստության հարկ սահմանել այդ մարդկանց, ինչպես նաև համավարակից օգուտ քաղած անձանց հարստության համար՝ ֆինանսավորելու սոցիալական և տնտեսական վերականգնումը», - ասել է Գուտերեշը:
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ համավարակի պատճառով աշխարհում հարյուր միլիոնավոր մարդիկ հայտնվել են աղքատության շեմից ցածր, իսկ ամբողջ պետությունները սնանկացման սպառնալիքի առջև են կանգնած: Միևնույն ժամանակ, նշել է Գուտերեշը, աշխարհի բնակչության կեսը զրկված է անհրաժեշտ առողջապահական ծառայություններ ստանալու հնարավորությունից: