25/06/2021 10:35
Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության տեսանյութ-ապացույցը ՄԻՊ-ն ուղարկել է Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը
Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության անհերքելի տեսանյութ-ապացույցը լրացուցիչ նամակներով Մարդու իրավունքների պաշտպանն ուղարկել է Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը` Եվրոպական խորհրդի նախագահին, Եվրոպական հանձնաժողովի նախագահին, Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին:
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ տեսանյութն ապացույց է առ այն, որ հայկական կողմի բոլոր գերիներն Ադրբեջանում պահվում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների ու առևտրի համար: Հետևաբար, գերիների նկատմամբ բոլոր դատավարությունները կեղծ են, իսկ կալանավորումները` արգելված պատիժ:
«Նամակներում ցույց է տրված ինչպես են ադրբեջանական իշխանությունները մոլորեցնում միջազգային հանրությանը, այդ թվում` ԵՄ-ին: Այսօրվա ուղարկած նամակները հիմնված են գերիների ընտանիքների ահազանգերի և մեր ուսումնասիրությունների արդյունքների վրա, ցույց են տված նրանց պատճառվող տառապանքները ադրբեջանական իշխանությունների կողմից:
Հատուկ նշվել է ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության, ինչպես նաև գերիների վերադարձի հետ կապված հարցի քաղաքական շահարկման արդյունքում հայկական հասարակության և հատկապես այդ ընտանիքների մարդկային ապրումների մասին: Նամակներում փաստերի վկայակոչմամբ բարձրացվել է հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի հարցը` իբրև անվերապահ կատարման ենթակա պարտադիր միջազգային պահանջ», - նշված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության մեջ: