25/06/2021 13:56
Վիվա-ՄՏՍ. Երկար սպասված բնակարանամուտ` Ամբերդ գյուղում
Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակում` կազմակերպությունների ղեկավարներն այցելել են Արմավիրի մարզի Ամբերդ գյուղ: Այստեղ ծրագրով աջակցություն է ստացել Բադալյանների ընտանիքը: Երկու տասնամյակում երկու վագոն-տնակ փոխած Բադալյանները վերջապես քարե տուն են կառուցել:
Աշոտն ու Ամալյան վագոն-տնակում ապրելու չափազանց դժվար փորձ են ունեցել: Երկաթյա կացարան ոտք դնելու պատմությունը սկսվել է քսան տարի առաջ, երբ նրանց ավագ որդին երեք, իսկ կրտսերը՝ մեկ տարեկան էր: Երիտասարդ ընտանիքը չի էլ պատկերացրել, որ մի օր հայտնվելու է բաց երկնքի տակ և ստիպված է լինելու մտածել մի նոր տնակ ձեռք բերելու մասին:
«Դժվար է եղել. տասը տարի դոմիկում ապրեցինք հրդեհ եղավ և ինչ ունեինք-չունեինք՝ այրվեց, տնակն էլ՝ հետը: Դրսում էինք մնացել: Համայնքի, հարևանների օգնությամբ այս մի տնակը գնեցինք, ուր ևս տասը տարի ապրեցինք: 2018-ին, վերջապես, սկսեցինք տան շինարարությունը, որը, ով գիտե, գուցե դեռ մի քսան տարի էլ չավարտեինք, եթե չլիներ ձեր օգնությունը: Հիմա ինքներդ եք տեսնում՝ ինչ տուն ունենք. բոլոր հարմարություններով, այնպես, ինչպես երազել ենք», -ասել է Ամալյան:
Տոկուն և լավատես տանտիրուհին դժվարություններ հաղթահարող կին է: Պատմում է, որ բնակարանաշինության ծրագրում ընդգրկվելուց հետո իրենք ավելի վստահ են դարձել: Չնայած ծանր ու քրտնաջան աշխատանքին, իրենց հույսը երբեք չեն կորցրել: Ընտանիքի երեք անդամների առողջական խնդիրների պատճառով տան շինարարությունը ժամանակ առ ժամանակ հետաձգվել է: Պարբերաբար ստեղծվել են խնդիրներ, որոնք խանգարել են իրենց երազանքի իրականացմանը: Համավարակի ժամանակ Բադալյանները չեն դադարեցրել շինարարությունը, քանի որ օտար մարդ չի եղել. ընտանիքով են աշխատել և կառուցել իրենց տունը:
«Երբ կա խնդիրները հաղթահարելու ցանկություն, մարդկային կամքը դժվար է կոտրել: Թվում է՝ երկրորդ անգամ վագոն-տնակում հայտնվելուց հետո, այս ընտանիքը պետք է հուսահատվեր, մինչդեռ եղել է հակառակը: Մեկ անգամ անցած ճանապարհով նորից անցնելու տխուր հեռանկարը կտրուկ փոխել է տանտերերին: Նրանք դարձել են ավելի ամուր, հաստատակամ ու վճռական: Ուրախ եմ արձանագրել, որ այս ընտանիքի կյանքում լուսավոր շրջադարձ է եղել: Վստահ եմ, որ նոր առօրյան կփոխի նրանց տրամադրությունը, իսկ անցյալի հուշերը շատ արագ կմոռացվեն: Մեր ծրագրի նպատակը ոչ միայն սոցիալական, այլև հոգեբանական բաղադրիչ է պարունակում, ինչն առավել կարևոր է»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Այս ընտանիքը տոկունության մարմնավորումն է, մեկը՝ նման բազում ընտանիքներից: Համավարակի ժամանակ, անգամ պատերազմի օրերին մեր ընտանիքները շարունակել են շինարարական աշխատանքները: Ինչ-որ առումով, դա նույնիսկ օգնում էր ընտանիքներին զբաղված մնալ, կառուցել, հուսալ, տոկալ ու հավատալ: Ծանր ժամանակներ ապրեցինք, դեռ ապրում ենք, սակայն կյանքը շարունակվում, է և պետք յուրաքանչյուրս անի այն, ինչ կարող է, որ մեր վաղվա օրը ավելի լավը լինի, քան այսօրը»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, միայն 2020 թվականին կառուցվել, գնվել կամ վերանորոգվել է 96 տուն. ըստ էության, ընտանիքների համար լուծվել է ամենակարևոր խնդիրը: Ներդրվել է ավելի քան 230 մլն. ՀՀ դրամ: