25/06/2021 20:30
Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին
Թենիսի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության՝ Դևիսի գավաթի խաղարկության եվրոպական գոտու 4-րդ դիվիզիոնի խաղում 2։1 հաշվով հաղթելով Ադրբեջանի ընտրանուն՝ իրավունք ստացավ հաջորդ տարի հանդես գալ մրցաշարի 3-րդ դիվիզիոնում։
Մենախաղերում Սեդրակ Խաչատրյանը 6։3, 6։0 հաշվով հաղթեց Էլվին Հաշիմովին, իսկ Միքայել Ավետիսյանը համառ պայքարում 5։7, 4։6 հաշվով զիջեց Տամերլան Ազիզովին։ Զուգախաղում Խաչատրյանն ու Հենրիկ Նիկողոսյանը 6։4, 1։6, 6։1 արդյունքով պարտության մատնեցին Հաշիմով-Ազիզով երկյակին։
Սա մեր հավաքականի երկրորդ հաղթանակն է մրցաշարում. 1-ին տուրում հայ թենիսիստները նույն հաշվով առավելության էին հասել ալբանացիների նկատմամբ։
Այսպիսով, Հայաստանի ընտրանին ապահովեց առնվազն երկրորդ տեղն իր ենթախմբում։
Մրցաշարի վերջին տուրում մերոնք մրցելու են Չեռնոգորիայի հավաքականի հետ, սակայն անկախ այդ հանդիպման արդյունքից՝ կտեղափոխվեն 3-րդ դիվիզիոն։
Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն և գլխավոր քարտուղար Գևորգ Կարամանուկյանը Aysor.am-ի հետ զրույցում կարևորեց այս հաջողությունը՝ նշելով, որ աշխատանքներ են տարվելու՝ հաջորդ տարի մեր երկրի կանանց և տղամարդկանց հավաքականներն ուժեղացնելու և նոր բարձունքներ գրոհելու համար։
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի կանանց հավաքականը համանման մրցաշարում՝ Բիլլի Ջին Քինգի գավաթի խաղարկության եվրոաֆրիկյան գոտու 3-րդ դիվիզիոնի մրցաշարում 11-րդ տեղն էր գրավել 21 թիմերի պայքարում