26/06/2021 13:06
Այսօր ռազմաօդային ուժերի օրն է
Հունիսի 26-ը ՀՀ զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես ռազմաօդային ուժերի օր, հաղորդում է ՊՆ-ի տելեգրամյան ալիքը:
Նշվում է, որ ռազմական ավիացիան ազգային բանակի կազմում ստեղծված առաջին զորատեսակներից է։ ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ստորաբաժանումները կազմավորվել են հայրենիքի սահմաններում ընթացող պաշտպանական մարտական գործողություններին զուգընթաց` պետության և Ազգային բանակի համար բեկումնային ժամանակահատվածում:
1992թ. հունվարից նորաստեղծ ՀՀ պաշտպանության նախարարության կազմում ստեղծվել է Ավիացիայի և ՀՕՊ զորքերի վարչությունը: 1992թ. սեպտեմբերին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ավիացիայի վարչությունն առանձնացել և դարձել է առանձին կառույց:
Հետագա տարիներին` բանակաշինության փուլերին զուգընթաց, իրականացվեցին ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի զարգացման ու կատարելագործման բազմաբնույթ ծրագրեր, որոնց շնորհիվ էլ ներկայումս զինված ուժերի ավիացիայի վարչությունն իր ենթակա ստորաբաժանումների միջոցով առաջադրված խնդիրներն իրականացնում է հաջողությամբ ու իրենից ներկայացնում է կայացած ու ներդաշնակ մի կառույց: