28/06/2021 12:09
Դրամի արժևորումը ոչ թե տնտեսության հիմքերի ամրացմամբ է պայմանավորված, այլ որոշակի էպիզոդիկ գործոնների արդյունք է. Տնտեսագետ
Ամիսներ շարունակ արժեզրկվելուց հետո վերջին օրերին հայկական դրամը սկսել է արժևորվել. այսօր հայաստանյան բանկերում ամերիկյան մեկ դոլարն արժե 490 դրամ։
Դրամի կայունացման այս միտումն ինչի՞ արդյունք է և որքան այն կարող է տևել, հարցի շուրջ Aysor.am-ը զրուցել է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի հետ։
Դրամի արժևորումն, ըստ տնտեսագետի, ընդհանուր առմամբ դրական է. եթե երկրի արժույթն արժևորվում է, նշանակում է, որ երկրի տնտեսությունն ամրանում է.
«Բայց իմ խորին համոզմամբ՝ այստեղ նման հետևություն չենք կարող անել, որովհետև, ըստ էության, դրամի արժևորումը ոչ թե տնտեսության հիմքերի ամրացմամբ է պայմանավորված, այլ որոշակի էպիզոդիկ գործոնների արդյունք է։
Մասնավորապես, ամառվա ամիսներին ավանդաբար դրամն արժևորվել է, դա պայմանավորված է նաև նրանով, որ այս ամիսներին ավելի շատ դոլարային մուտքեր են լինում դեպի մեր երկիր, այսինքն՝ այստեղ որոշակի սեզոնայնություն կա»։
Խաչատրյանի բնութագրմամբ՝ կա նաև երկրորդ հանգամանքը. չի բացառվում, որ դրամի արժևորումը պայմանավորված է նաև հետընտրական և քաղաքական որոշակի գործոններով։
«Իշխանամետ շրջանակները, որոնք որոշակի անորոշություն ունեին ընտրությունների ելքով պայմանավորված, այժմ հասկացել են, որ իրենք շարունակելու են մնալ իշխանության, կառավարություն են ձևավորելու և էական քաղաքական փոփոխություններ չեն ունենալու։ Այժմ նրանք դոլարային հոսքերը փորձում են փոխարկել դրամի, դա ևս որոշակի հավելյալ արժևորման ալիք է բերում։
Այսինքն՝ հստակ խոսել պատճառների մասին, կկարողանանք առնվազն 2-3 շաբաթ անց, երբ տեսնենք, թե իրականում սա կարճաժամկետ, էպիզոդիկ որոշակի բնույթ է կրում, թե տևական ժամանակ է ու դրամը հետևողական արժևորվում է»։
Կառլեն Խաչատրյանի խոսքով՝ եթե երկրի արժույթը տևականորեն արժևորվի, պետք է փորձել հիմքերը հասկանալ, իսկ եթե կարճ ժամանակ անց նորից դրամը սկսի արժեզրկվել, ապա կստացվի, որ որոշակի կարճաժամկետ, ոչ տնտեսական գործոնների արդյունք էր օրերս նկատված արժևորումը։