29/06/2021 09:53
«Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանը մեդիահոլդինգ է հիմնում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ նախկին լրագրող Նաիրա Զոհրաբյանը որոշել է վերադառնալ ակունքներին։ Նա ծրագրում է մեդիահոլդինգ հիմնել և առաջիկայում հանդես կգա այդ նոր նախաձեռնությամբ։ ԲՀԿ-ից հեռացած նախկին պատգամավորը մտադիր է լսարանին ներկայանալ իր նախկին կերպարով՝ որպես լրագրող, հիմա՝ նաև որպես խմբագիր։ Նա կարծում է, որ դաշտը հագեցած չէ, և կարելի է կրեատիվ ֆորմատ ստեղծել՝ նոր հոլդինգում կլինի թե՛ առցանց հեռուստատեսություն, թե՛ լրատվական կայք, հիմնականում կաշխատեն ուղիղ եթերների ձևաչափով։ Զոհրաբյանն այժմ խմբագրության տարածքի փնտրտուքի մեջ է։
Նա մեզ հետ զրույցում չհերքեց այս տեղեկությունները՝ նշելով, որ նման հետաքրքիր գաղափար կա, հիմա քննարկումների փուլում են, քննարկում են ձևը, ասելիքը, մատուցման եղանակը, որպեսզի այն չդառնա շարքային լրատվամիջոց։ Միայն չասաց, թե որտեղից է ֆինանսավորվելու այս հոլդինգը, որը գոնե առաջին շրջանում դժվար թե կարողանա ինքնուրույնաբար իր ծախսերը ծածկել։
Հիշեցնենք, որ իր կենսագրության մի մեծ հատված՝ 8-9 տարի, մինչև պատգամավոր դառնալը, Նաիրա Զոհրաբյանն աշխատել է Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» օրաթերթում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: