29/06/2021 10:26
ԱԺ 7 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել՝ միջնորդելով փոխել բժիշկ Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանքը
ԱԺ 7 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել՝ միջնորդելով փոխել բժիշկ Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանքը։
«Հարգելի պարոն Մարգարյան, Ձեր վարույթում է գտնվում թիվ 62210621 քրեական գործը։
Գիտակցելով հարուցված քրեական գործի շրջանակներում պատշաճ քննության կարևորությունը, կարևորելով գործի բոլոր հանգամանքների բացահայտումը և դրա իրականացումը բացառապես իրավունքի գերակայության շրջանակներում, հաշվի առնելով Արմեն Գերասիմի Չարչյանի մեծ վաստակը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առողջապահության ոլորտում, բժշկական ոլորտում արձանագրած աննախադեպ հաջողությունները, այդ թվում մարդկանց բժշկական օգնության և սպասարկման ստանալու տեսանկյունից, նրա բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորի կոչումը, անբասիր կենսագրությունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արմեն Չարչյանի վերաբերյալ հայտարարությունը և այն հանգամանքը, որ ներկայումս Արմեն Չարչյանի մոտ առկա են առողջական խնդիրներ՝ երաշխավորում եմ, որ Արմեն Գերասիմի Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցվելու դեպքում վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարությն իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի քրեական օրենքով արգելված արարք։
Երաշխավորում եմ ազատության պայմաններում գործի քննության ողջ ընթացքում դատավարական պարտականությունների կատարումը, ուստի խնդրում եմ կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով։
Հայտնում եմ, որ սույն երաշխավորության հիմքով կալանավորումը ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու նպատակով պատրաստվում եմ իրականացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգային պարտավորությունները», - ասված է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի տարածած հայտարարությունում։
Զոհրաբյանին միացել են պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանը, Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը, Արկադի Խաչատրյանը, Աննա Կոստանյանը, Վարդան Վարդանյանը։
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան։
Հիշեցնենք՝ հատուկ քննչական ծառայությունը որոշում էր կայացրել Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Քննիչը որոշում էր կայացրել Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին։
Ավելի վաղ համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում Արմեն Չարչյանը ԲԿ-ի աշխատակիցներին կոչ էր անում պարտադիր մասնակցել ընտրություններին։ Արմեն Չարչյանը ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։
Մայր Աթոռ-ն անդրադարձել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի ձերբակալությանը՝ իրավապահ մարմիններին հորդորելով անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին։
Արմեն Չարչյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ դատախազը միջնորդություն էր ներկայացրել ԿԸՀ։
Դատավոր Արմինե Մելիքսեթյանը բավարարել է ՀՔԾ-ի՝ «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Նա կալանավորվել է մեկ ամսով։