29/06/2021 12:26
Ռուս խաղաղապահները շարունակում են ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերված զինամթերքը
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման անձնակազմը շարունակում է աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերված պայթուցիկ օբյեկտների ոչնչացման ուղղությամբ:
«Ականազերծող խմբի կողմից հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները, որոնք պատկանում են առաջին կատեգորիայի վտանգին՝ ոչնչացման վայր տեղափոխվելուց հետո, ոչնչացվում են պայթեցման մեթոդով», - ասել է մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայող Վլադիսլավ Կելզինը:
Յուրաքանչյուր օր «Բալիջա» հատուկ ուսումնավարժարանում ռուս զինծառայողները ոչնչացնում են շուրջ 30 պայթյունավտանգ առարկա՝ ներառյալ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր: Ոչնչացումն իրականացվում է պայթեցման եղանակով `պայթեցման գործողությունների ընթացքում անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների ապահովմամբ:
Նախօրեին ռուս սակրավորների կողմից ոչնչացված զինամթերքը հայտնաբերվել էր Մարտունու շրջանում ականազերծման ժամանակ:
Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից սկսած՝ չպայթած զինամթերքից մաքրվել է 2148 հա տարածք, ավելի քան 657 կիլոմետր ճանապարհ, 1892 շենք ստուգվել է սակրավորների կողմից: Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 640 պայթյունավտանգ առարկա:
Մարդասիրական ականազերծման ստորաբաժանման շուրջ 10 զինծառայող է ամեն օր ներգրավված ականազերծման աշխատանքներին: