30/06/2021 17:06
«Որոնելով գեղեցիկը. Միխայիլ Վռուբել». բացառիկ ցուցահանդես՝ Ռուսական արվեստի թանգարանում
Հուլիսի 1-ին, ժամը 17:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) տեղի կունենա «Որոնելով գեղեցիկը. Միխայիլ Վռուբել» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ Այն նվիրված է ռուս մեծ նկարիչ Մ. Վռուբելի 165 և Հայաստանի ազգային պատկերասրահի 100-ամյակներին։ Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 20-ը:
«Որոնելով գեղեցիկը. Միխայիլ Վռուբել» խորագրով ցուցահանդեսը Ռուսական արվեստի թանգարանը կազմակերպել է Հայաստանի ազգային պատկերասրահի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանի հետ և «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի աջակցությամբ։
Առաջին անգամ ՀՀ-ում՝ Ռուսական արվեստի թանգարանում, կներկայացվեն հեղինակի այն աշխատանքները, որոնք առկա են մեր հանրապետությունում։ Ցուցահանդեսին ներկայացված 13 ստեղծագործություններից 9-ը Հայաստանի ազգային պատկերասրահի, 4-ը` Ռուսական արվեստի թանգարանի ֆոնդերից են։ Այդ աշխատանքները Մ. Վռուբելին ներկայացնում են որպես գեղանկարիչ, բեմանկարիչ, գծանկարիչ և քանդակագործ։
Այցելուներն առաջին անգամ հնարավորություն կունենան տեսնելու Մ. Լերմոնտովի մահվան 50-րդ տարելիցի առթիվ հրատարակված «Երկերի ժողովածուն», որի համար նկարազարդումներ են կատարել Այվազովսկին և ռուս լավագույն նկարիչներ Սուրիկովը, Շիշկինը, Րեպինը, Վասնեցով եղբայրները, Պոլենովը, Վռուբելը և այլոք։
Նշենք, որ Ա. Բախրուշինի անվան պետական կենտրոնական թատերական թանգարանի (Մոսկվա) տրամադրած թվային նյութերն այս ցուցահանդեսը դարձնում են առավել հետաքրքիր և տեղեկատվական։