01/07/2021 11:16
2021-ին կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե 2021 թվականի համար կանխատեսվում էր 3,2 տոկոս տնտեսական աճ, բայց տնտեսական աճի կանխատեսումները վերանայվում են դեպի վերև:
«Հիմա կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ, բայց կարևոր է, որ մենք այդ ցուցանիշներին զուգահեռ իրականացնում ենք պետական բյուջեի եկամտային մասի հավաքագրումներն ու այդ առումով ունենք կիսամյակի գերակատարում», - ասաց Փաշինյանը:
ՊԵԿ նախագահն ասաց, որ առաջին կիսամյակի ընթացքում հարկային եկամուտների հավաքագրումը կազմել է ավելի քան 750 միլիարդ դրամ:
«Կարող ենք ասել, որ առաջին կիսամյակի համար մենք ունենք 52, 5 միլիարդ դրամի գերակատարում», - ասաց Էդվարդ Հովհաննիսյանը:
Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն էլ ասաց, թե նոր կանխատեսումների լույսի ներքո կքննարկեն՝ ինչպիսին կլինեն զարգացումները տնտեսության ճյուղային կառուցվածքի տեսակետից:
«Այդ 6 տոկոս տնտեսական աճի կանխատեսման հիմքում դրված է այն տրամաբանությունը, որ մենք միջակայքում կարող ենք ունենալ հարկային լրացուցիչ եկամուտների 43-ից մինչև 77 միլիարդ դրամ, բայց դա ճշգրտման անհրաժեշտություն ունի», - ասաց Ջանջուղազյանը: