01/07/2021 10:14
«Սպուտնիկ-Վի»-ով պատվաստման տարիքային շեմը հանվել է
Հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով պատվաստումները կարող են իրականացվել ինչպես ռիսկի խմբերում, այնպես էլ 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Հիշեցնենք, որ նախկինում «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով պատվաստումները նախատեսված էին միայն 18 տարեկան և բարձր տարիքի քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:
Այսպիսով՝ Հայաստանում առկա COVID-19-ի դեմ բոլոր 3 պատվաստանյութերով՝ «ԱստրաԶենեկա», «Գամ-Կովիդ-Վակ» (Սպուտնիկ-Վի), «Կորոնավակ», կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: