01/07/2021 12:12
Մատչելի վերելակների գնումը կայացել է. ընտրվել են շենքեր, որտեղ ապրում են պատերազմում վիրավորում ստացածները. Քաղաքապետ
Այս տարվա վերելակների փոխարինման մեր ծրագիրն ամբողջովին կազմակերպել ենք այնպես, որ նոր վերելակները ծառայեն առաջին հերթին Հայրենիքի պաշտպանության գործում վիրավորում ստացած մեր հերոս եղբայրներին և որոշակիորեն թեթևացնեն նրանց հոգսը, ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Դրա համար մեր սոցապ վարչության աշխատակիցները՝ գործընկեր գերատեսչությունների հետ միասին վերլուծել են անհրաժեշտ տվյալները և ընտրել են 54 բարձրահարկ շենքեր, որտեղ ապրում են հենաշարժողական վնասվածքներ ստացած մեր այն տղաները, որոնք ամենից շատ ունեն մատչելի տեղաշարժի կարիքը», - նշել է նա:
Մարությանի խոսքով՝ մատչելի վերելակների գնումն արդեն կայացել է, մատակարարի հետ պայմանագիրը ստորագրվել է։ Ըստ պայմանագրի, վերելակները մի քանի ամիսների ընթացքում կմատակարարվեն և կտեղադրվեն։
Քաղաքապետը հայտնել է նաև, որ վերելակների փոխարինումը պատերազմում վիրավորում ստացած մեր քաղաքացիներին աջակցելու ծրագրերից միայն մեկն է: Ընթացքի մեջ են նաև շենքերի աստիճանահարթակների, մայթերի հարմարեցումը և մատչելիության ապահովումը, ինչպես նաև՝ սոցիալական այլ ծրագրեր: