02/07/2021 14:33
Արմեն Չարչյանի գործով վարույթն իրականացնող մարմինը որոշել է գործն ավարտել և այն ուղարկել դատարան
Այսօր՝ ժամը 15։00-ին, Արմեն Չարչյանի գործով հայտարարվելու է նախաքննության ավարտ։ Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը որոշել է գործն ավարտել և այն ուղարկել դատարան, այս մասին հայտարարել է Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Կարծում ենք, որ նման պայմաններում ակնհայտ է դառնում, որ այլևս որևէ կերպ չի կարող խոսք գնալ քննությանը խոչընդոտելու կալանավորման հիմքի գոյության մասին/թեև այն ի սկզբանե չի էլ եղել/, քանզի, ըստ վարույթն իրականացնող մարմնի, բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարվել են, հատկապես բոլոր վկաները հարցաքննվել են, հետևաբար պարզ տրամաբանությունը հուշում է, որ վկաների վրա ազդեցություն գործադրելու հիմքն ի սպառ բացակայում է։
Առնվազն այս հարցի համատեքստում Արմեն Չարչյանն այլև չի կարող շարունակաբար գտնվել անազատության մեջ», - նշել է փաստաբանը։
Նշենք, որ ԱԺ 7 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել՝ միջնորդելով փոխել բժիշկ Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանքը։
Հիշեցնենք՝ հատուկ քննչական ծառայությունը որոշում էր կայացրել Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Քննիչը որոշում էր կայացրել Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին։
Ավելի վաղ համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում Արմեն Չարչյանը ԲԿ-ի աշխատակիցներին կոչ էր անում պարտադիր մասնակցել ընտրություններին։ Արմեն Չարչյանը ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։
Մայր Աթոռ-ն անդրադարձել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի ձերբակալությանը՝ իրավապահ մարմիններին հորդորելով անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին։
Արմեն Չարչյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ դատախազը միջնորդություն էր ներկայացրել ԿԸՀ։
Դատավոր Արմինե Մելիքսեթյանը բավարարել է ՀՔԾ-ի՝ «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Նա կալանավորվել է մեկ ամսով։