02/07/2021 10:45
Սոցցանցերից հեռացնել հեռախոսահամարներն ու մյուս անձնական տվյալները. Ադրբեջանի իշխանությունը սկսել է ահաբեկել Արցախի բնակչությանը. ՄԻՊ
Ադրբեջանական իշխանությունների խուճապ առաջացնող նոր արարքների տարածում թույլ չտալու համար Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում Արցախի հայրենակիցներին սոցիալական ցանցերի էջերից հեռացնել կամ փակել հեռախոսահամարները, հասցեներն ու այլ անձնական տվյալներ:
«Հորդորում ենք չպատասխանել սոցիալական ցանցերով ստացվող կասկածելի որևէ զանգի: Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունները սկսել են ահաբեկման ու խուճապ առաջացնելու կազմակերպված նոր արարքներ: Այս եզրահանգման համար հիմք են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, Արցախի իրավապահ մարմինների վերջին օրերի հայտարարությունները, ինչպես նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու ահազանգերը:
Մասնավորապես, ադրբեջանական հեռախոսահամարներից կազմակերպված ձևով զանգահարում են Արցախում բնակվող մարդկանց հեռախոսահամարներին և առաջարկում են գնել նրանց բնակարաններն ու խանութները։ Նրանք անձնական տվյալները վերցնում են նաև մարդկանց սոցիալական ցանցերի էջերից: Ավելին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ակտիվացել են որոշ էջեր, որոնք ևս նպատակ ունեն հոգեբանական ճնշում գործադրել Արցախում ապրող մարդկանց վրա», - նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում ադրբեջանական իշխանությունների այս նոր վտանգավոր քաղաքականության վրա: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի համար ակնհայտ է, որ Արցախում ապրող հայերի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականության մաս է.
«Այն Արցախի բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունների ցեղասպան քաղաքականության դրսևորում է: Այս տեղեկությունը Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հայտարարության հետ միասին կուղարկվի նաև միջազգային մարմիններին:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ամենօրյա կապի մեջ է Արցախի գործընկերոջ հետ, իրականացվում է բոլոր տվյալների, ահազանգերի մանրամասն ուսումնասիրություն և համագործակցություն»: