03/07/2021 11:11
ՀԱՊԿ-ը հայտարարել է, որ իրավիճակը Հայաստանի հարավում չի համապատասխանում կոլեկտիվ պաշտպանության մասին կանոնադրությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրումը սահմանային հակամարտություն է, ուստի ՀԱՊԿ կանոնադրության դրույթները, որոնք վերաբերում են հավաքական պատասխանատվությանը, չեն տարածվում դրա վրա: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ի ներուժն օգտագործվում է միայն անդամ երկրներից մեկի վրա ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, փաստորեն, սահմանային միջադեպի հետ», - ասել է նա:
Զասի խոսքով՝ իրավիճակը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այս պահին հակամարտությունը սրման փուլում չէ:
«Սահմանի խնդրի, այս բոլոր վիճահարույց հարցերի լուծման համար դեռ շատ աշխատանք կա, բայց դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Զասը: