03/07/2021 13:43
Արցախի հարցում Փաշինյանի հայտարարած՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքը համաձայնեցված չէ Մինսկի խմբի համանախագահ ոչ մի երկրի հետ. Աշոտյան
Հունիսի 21-ին կապիտուլյանտն իր «հրապարակ փարթիի» ժամանակ ասաց, որ արցախյան հարցի շուրջ բանակցությունները պետք է շարունակել «անջատում հանուն փրկության» սկզբունքի ներքո։ Կյանքը ցույց տվեց, որ երբ անհայրենիք մարդը զբաղվում է Արցախի հարցով, ՀՀ-ի անունից արտաբերվող դիրքորոշումներն առանց խորհրդակցելու, համաձայնեցնելու Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ, այդ ամենը մեզ համար ավարտվում է ֆիասկոյով, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով ՀՀ ներքին և արտաքին քաղաքական զարգացումների մասին։
«Ավելի քան համոզված եմ, որ արցախյան հարցի հետ կապված անհայրենիք սրիկայի վերջին մոգոնումները, թե բանակցությունները պետք է շարունակվեն «անջատում հանուն փրկության» սկզբունքով, համաձայնեցված չեն Մինսկի խմբի համանախագահ ոչ մի երկրի հետ։ Սա նշանակում է, որ հերթական անգամ Փաշինյանը փորձելու է արցախյան խնդրով խաղալ մի խաղ, որտեղ չի ունենալու միջազգային բանակցային հանրության աջակցությունը։
Աշոտյանն այս ամենը շատ վտանգավոր համարեց, նշելով, որ շատ մեծ է միջազգային հանրության մոտ գայթակղությունն արցախյան հարցը դե ֆակտո լուծված համարելու։
«Այս ամենը հիմք են տալիս ենթադրելու, որ Հայաստանում քաղաքական գործընթացները շարունակելու են եռալ։ Եվ այն փաստը, որ խորհրդարանում կարող են հայտնվել երկու ուժեղ ընդդիմադիր ուժեր, ընդամենն ընդգծում է այն հնարավորությունը, որ Հայաստանում փողոցային պայքարը շարունակվելու է», - ասաց Աշոտյանը։