05/07/2021 10:19
ՀԿԵ-ն խորհրդատվություն կտրամադրի Վրաստան մեկնող գնացքների ուղևորներին
Հունիսի 30-ից Երևանի երկաթուղային կայարանում գործում է Վրաստան մուտք գործող քաղաքացիների գրանցման հարցերով «տեղեկատվական սեղան»: Ադմինիստրատորը Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի ուղևորներին կօգնի գրանցվել հարևան երկիր մեկնող օտարերկրացիների համար նախատեսված հատուկ հավելվածում:
Հիշեցնենք, որ ներկա պահին գործող կարգի համաձայն, Վրաստան կարող են մուտք գործել այն քաղաքացիները, ովքեր ներկայացրել են կորոնավիրուսի (COVID-19) բացասական PCR ախտորոշումը հաստատող թեստի սերտիֆիկատ, որն արված է առավելագույնը 72 ժամ առաջ:
Մուտք գործելուց հետո երրորդ օրը բոլոր օտարերկրյա քաղաքացիները պետք է սեփական հաշվին անցնեն PCR թեստավորում: Բացասական թեստը պարտադիր է նաև Հայաստան մուտք գործելու համար:
Կորոնավիրուսի պայմաններում սահմանների հատման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության պաշտոնական կայքում: