05/07/2021 14:40
«Որոշել էինք՝ մեր որդին Հայաստանի քաղաքացի պետք է լինի». ծնվել է Վախթանգ Դարչինյանի և Ջավահիր Եղիկյանի որդին՝ Վիկը
2021 թվականի հուլիսի 4-ին՝ ժամը 07։00-ին, Երևանի Էրեբունի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարբեր կազմակերպությունների վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանի և Կենտրոն հեռուստաընկերության «Ես կամ» հաղորդման պրոդյուսեր, հեղինակ-սցենարիստ Ջավահիր Եղիկյանի որդին։ 2կգ 630գ քաշով և 48 սմ հասակով փոքրիկը մայրիկի ցանկությամբ կրում է աշխարհահռչակ բռնցքամարտիկ հայրիկի կեղծանունը՝ Վիկ։
«Երեխայի անունը ես եմ որոշել; Նախ, դա Վախթանգի իսկական անունը չէ, դա նրա կեղծանունն է, որն իրեն մեծ հաջողություն բերեց, և շատ կուզենամ, որ որդիս կրելով Վիկ անունը՝ ապագայում էլ դառնա հայրիկին արժանի զավակ։ Կցանկանամ՝ իմ փոքրիկ Վիկը հայրիկի նման ճանաչված և սիրված լինի, բարի ու այդչափ համեստ մարդ դառնա», - Aysor.am-ի հետ զրույցում հուզմունքով նշեց նորաթուխ մայրը։
Հատկապես վերջին տարիներին քիչ չեն դեպքերը, երբ հանրային ճանաչում ունեցողները նախընտրում են իրենց փոքրիկներին լույս աշխարհ բերել ԱՄՆ-ում։ Հետաքրքրվեցին՝ ունենալով նման հնարավորություն՝ ինչպե՞ս է, որ խուսափեցին այդ մտքից։
«Մեր հստակ որոշումն էր, որ մեր որդին Հայաստանի քաղաքացի պետք է լինի անպայման; Այդ պատճառով էլ այս օրերին Հայաստանում էինք գտնվում», - ընդգծեց նա։
Թեև կրտսեր Վիկ Դարչինյանն ընդամենը մեկ օրական է, սակայն նրան արդեն նմանեցնում են հայրիկին։
«Իսկապես, նա շատ նման է հայրիկին։ Անգամ ծնունդ ընդունող բժշկուհին, երբ առաջին սնգամ տեսավ փոքրիկիս, ասաց՝ «երկրորդ Վիկ Դարչինյանն է լույս աշխարհ եկել»», - ժպիտով պատմեց բռնցքամարտիկի կինը։
Մայրն ու նորածին որդին դեռևս բժշկական կենտրոնում են, երկուսն էլ իրենց լավ են զգում։ Դուրս գրվելուց հետո ծնողները ջանասիրությամբ պահելու են հետծննդյան 40 օրը: Նորաթուխ մայրիկին փոքրիկի խնամքի հարցում մայրն ու ամուսինն են օգնում, սակայն ընտանիքին շուտով կմիանա նաև սկեսուրը։
«Երեխայի խնամքի հարցում մայրս ու Վիկը կողքիս են, շատ են օգնում։ Բայց շուտով մեզ կմիանա նաև սկեսուրս՝ մեր մյուս տատիկը։ Հիմա առավել քան պետք է պահենք 40 օրը, քանի որ այսօր շատ են վարակներն ու հիվանդությունները... Տեսակցությունները կթողնենք ավելի ուշ», - ժպիտով մանրամասնում է մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ Վախթանգ Դարչինյանն ու Ջավահիր Եղիկյանն ամուսնացել են 2020 թվականի հոկտեմբերի 1-ին։ Պայմանավորված պատերազմով՝ նախապես պլանավորված հարսանյաց տոնակատարությունը չեղարկվել էր։ Ամուսիններն այդ օրը սահմանափակվել են եկեղեցում պսակադրվելով ու իրենց միությունը ՔԿԱԳ-ում գրանցելով։
Զույգը տարվա կեսն ապրում է Հայաստանում, մյուս կեսն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Aysor.am-ը շնորհավորում է Վախթանգ Դարչինյանին և Ջավահիր Եղիկյանին, փոքրիկ Վիկին էլ մաղթում ենք անհոգ, առողջ ու երջանիկ մանկություն։