06/07/2021 14:48
Բաքվում հայ գերիների դատավարությունն ապօրինի է ու բեմականացված․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ
Բաքվում հայ գերիների դատավարությունը բեմականացված է, այս մասին ռազմագերիների թեմայով կազմակերպված քննարկմանն ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Բաքվում ընթացող ապօրինի, շինծու դատական պրոցեսներն ակնհայտորեն բեմականացված պրոցեսներ են, ամբողջովին ապօրինի են և զուրկ են որևէ իրավական հիմքից կամ բովանդակությունից։ Ավելի շատ ենթադրում են իրենց կողմից տարվող քաղաքական գծին օժանդակելուն ուղղված քայլեր», - նշեց Կիրակոսյանը։
Նա ասաց, որ այս ամենը հաշվի առնելով՝ ՄԻԵԴ-ում որոշակի խնդրանք են ներկայացրել, որպեսզի դատարանը պարտավորեցնի Ադրբեջանին կասեցնել դատական գործընթացները, նաև ՀՀ կառավարությանը տրամադրել բոլոր նյութերը։
«Ցավոք սրտի, դատարանը մերժեց մեր միջնորդությունը, մենք այն դեռ ներկայացրել էինք հունիսի 30-ին, մերժումը ստացել ենք հուլիսի 2-ին», - ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։
Նա հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը երկու միջպետական գանգատ է ներկայացրել Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ։