06/07/2021 13:07
Տաջիկստանը մոբիլիզացնում է 20,000 պահեստային զինծառայող՝ Աֆղանստանի հետ սահմանն ամրապնդելու համար
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հանձնարարել է մոբիլիզացնել պահեստային 20 զինծառայող՝ տաջիկ-աֆղանական սահմանն էլ ավելի ամրապնդելու համար: Հրամանը տրվել է պաշտպանության նախարարին հուլիսի 5-ին երկրի Անվտանգության խորհրդի նիստում:
Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ քննարկվել է սահմանային շրջաններում անվտանգության ապահովման և պետական սահմանի պաշտպանությունն ամրապնդող միջոցառումներ ձեռնարկելու հարցը՝ կապված Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին իրավիճակի սրման հետ:
Հուլիսի 5-ին Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ զորքերի մամուլի կենտրոնը հաղորդել է, որ «Թալիբան» շարժման գրոհայիններն ամբողջությամբ գրավել են Աֆղանստանի Բադախշան նահանգի Հոհոն, Շիկաի, Նուսաի, Մոհիմայ, Շուգնոն և Սուլթոն Իշքաշիմ շրջանները: Տաջիկստանն ու Աֆղանստանը Բադախշանի ուղղությամբ ունեն ընդհանուր սահման՝ 910 կիլոմետր երկարությամբ:
Ըստ պաշտոնական տվյալների՝ «Թալիբան»-ի գրոհայինների հետ բախումներից հետո Տաջիկստանում ապաստանած աֆղան զինվորների թիվը գերազանցել է 1500 մարդ:
Թալիբանները պնդում են, որ վերջին ամիսներին նրանք գրավել են Աֆղանստանի հյուսիսում գտնվող 143 բնակավայրեր: Աֆղանստանի ՆԳ նախարարությունը հերքում է այս հաղորդագրությունը:
Ավելի վաղ Տաջիկստանի իշխանությունները հայտարարել էին, որ Աֆղանստանի հյուսիսում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված իրենք պատրաստվում են փախստականների հոսքի: