06/07/2021 12:01
Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով 4 քաղաքական ուժի դիմումները միավորվել են մեկ վարույթում. դատաքննությունը` հուլիսի 9-ին
Հաշվի առնելով, որ «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումների հիման վրա ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի՝ նշված գործերը միավորվել են և կքննվեն դատարանի նույն նիստում, հայտնում են Սահմանադրական դատարանից։
Միավորված գործով զեկուցող դատավոր է նշանակվել Էդգար Շաթիրյանը։ Միավորված գործի դատաքննությունը կսկսվի 2021 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 11։00-ին։
Միավորված գործի դատաքննությունը կանցկացվի բանավոր ընթացակարգով։
Որպես պատասխանող կողմ կներգրավվի ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ ՀՀ դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը, ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կներգրավվեն որպես հարակից պատասխանողներ։