08/07/2021 11:02
Պետական աշխատակիցների գործուղումները չհրապարակելը ժողովրդավարության սկզբունքներին դեմ չէ. Հայկ Չոբանյան (Տեսանյութ)
Պաշտոնական e-draft.am կայքում քննարկման են դրվել ՀՀ վարչապետի 2018 թ․ սեպտեմբերի 19-ի թիվ 1230-Ն որոշման, ՀՀ կառավարության 2012 թ․ օգոստոսի 30-ի թիվ 1104-Ն և 2016 թ․ սեպտեմբերի 22-ի թիվ 982-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։
Դրանցից առաջինով նախատեսվում է e-gov.am հարթակում չհրապարակել պետական աշխատակիցների գործուղումների նպատակի, քննարկված թեմաների, հանդիպումների, ելույթների, ընդունված որոշումների մասին տեղեկությունները։ Երկրորդով՝ չներկայացնել մեկ անձից իրականացվող գնումների մասին տեղեկությունները, արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը, օգտակար հանածոների և ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանման ու երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների տվյալները:
Բացի այդ, առաջարկվում է gov.travel.am կայքից հեռացնել ավիափոխադրողների, չվերթների, դրանց արժեքի, ամրագրման կոդերի, ուղևորների քանակի վերաբերյալ տեղեկությունները:
Այս փաստաթղթերը մշակել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ։
Նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը վստահեցնում է՝ որոշումը ժողովրդավարական սկզբունքներին դեմ չէ։
Նա ասաց, որ առաջիկա օրերին նախարարությունում տեղի կունենա հանրային քննարկում։
Հարցին՝ սա դեմ չէ՞ ժողովրդավարության սկզբունքներին, Չոբանյանը պատասխանեց. «Ոչ, ճիշտ հակառակը»։