08/07/2021 11:39
Թարմ ուժեր կներգրավենք դատական համակարգ՝ ստանալով մեր երազանքների դատական համակարգը. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը համաձայնություն տվեց Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունիսի 30-ի առաջարկությանը՝ դատավորների թվակազմը 20 մասնագետով ավելացնելու վերաբերյալ։
Այսպիսով, ներդրվում է կալանքի միջնորդություններ, ձերբակալման օրինաչափության ստուգում, խուզարկության թույլտվություն, օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ միջնորդություններ քննող մասնագիտացված առանձին դատավորների ինստիտուտը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դատավորների թվակազմի ավելացումը պետք է դիտարկել որպես դատական համակարգում բովանդակային բարեփոխումների միջոց:
«Հույս ունեք, որ այս լրացումներով մենք կուժեղացնենք դատական համակարգում առկա լավագույն փորձը, մյուս կողմից՝ թարմ ուժեր կներգրավենք դատական համակարգ՝ ստանալով, ի վերջո, մեր երազանքների դատական համակարգը, որի որոշումները կհամարվեն արդարության մարմնավորում։ Սա ամենակարևոր նպատակն է», - նշեց Նիկոլ Փաշինյանը: