08/07/2021 15:15
Հայաստանն առաջին անգամ Կաննի կինոշուկային մասնակցում է առցանց-տաղավարով
Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2021 թվականի հուլիսի 6-15-ը աշխատելու է Կաննի կինոփառատոնի շրջանակում անցկացվող ամենամյա Marche’ du Film-ում՝ առցանց-տաղավարով (հեռավար)։ Ֆիլմերի առք ու վաճառքով, դիստրիբուցիայով զբաղվող աշխարհի ամենահին ու խոշոր այս կինոշուկան 2021-ին աշխատելու է հիբրիդային (խառը) եղանակով (մասնակիցները կարող են ներկա գտնվել շուկայում կամ աշխատել հեռավար)։ Հայաստանն այս տարի ընտրեց մասնակցության առցանց ձևաչափը, որի նպատակով էլ չափազանց սեղմ ժամկետներում աշխատանքային թիմը պատրաստեց առանձին օնլայն-էջ (տաղավար) Marche’ du Film-ի կայքում:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուները գտան, որ Հայաստանի մասնակցությունը Կաննի կինոշուկային կարևոր և պարտադիր է: Սակայն, պայմանավորված երկրում առակա ծանր իրավիճակով (հետպատերազմական և ֆինանսական )՝ որոշում կայացվեց 2021-ին կինոշուկայում ունենալ առցանց ներկայություն:
Marche’ du Film-ում առցանց-էջի տարածքի, օնլայն տաղավարի, օնլայն կատալոգի ֆինանսական ծախսերը հոգացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Marche’ du Film-ի հայկական հարթակը հնարավորություն կընձեռի Կաննի կինոշուկայում հավատարմագրված մասնագետներին ծանոթանալու հայկական կինոարտադրանքին, միաժամանակ, հետադարձ կապի և օնլայն-հարթակում տեղ գտած ինֆորմացիայի միջոցով անմիջական կապ հաստատել ֆիլմերի պատասխանատուների հետ։
Marche' du Film կայքում տեղադրված հայկական օնլայն էջը (տաղավար) միաժամանակ ակտիվ հղումով կապված է Ազգային կինոկենտրոնի և CINANDO-ի կայքերի հետ։ Հայկական էջը ունի մի քանի բաժիններ, այդ թվում՝ 2020-2021թթ․ Ազգային կինոկենտրոնից աջակցություն ստացած ֆիլմերի ընդարձակ Կատալոգ՝ տարբեր արտադրական փուլերում գտնվող 73 կարճամետրաժ, լիամետրաժ, անիմացիոն կինոնկարներ: Հայկական ֆիլմեր բաժնում ընտրված են լիամետրաժ (ավարտված) և հետարտադրական փուլում գտնվող 12 աշխատանք: Էջն ունի նաև Հայկական փառատոներ, Կինոժառանգություն և Հայաստանի տեսարժան վայրեր (լոքեյշններ) բաժինները:
Նշենք, որ կինոշուկայի համար պատրաստված կատալոգը ամբողջովին ինտերակտիվ է: Առցանց էջից կարող են օգտվել միայն Կաննի կինոշուկայում հավտարմագրված անձինք՝ վաճառքի մասնագետները, դիստրիբյուտորները և այլք։