08/07/2021 12:26
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զգուշացնում է, որ COVID-19-ն ավելի արագ է տարածվում, քան պատվաստանյութերը
Կորոնավիրուսը պատվաստանյութերից ավելի արագ է տարածվում երկրներով, COVID-19 համավարակն ակնհայտորեն հեռու է ավարտից, հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Հոփքինսի համալսարանն ու ԱՀԿ-ն արդեն հայտնել են, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 4 միլիոնի:
«Վիրուսի տարածումը գերազանցում է պատվաստանյութերի բաշխումը: Այս համավարակն ակնհայտորեն հեռու է ավարտից. Դրա զոհերի կեսից ավելին մահացել են այս տարի», - ասել է Գուտերեշը իր ուղերձում:
Նրա խոսքով՝ եթե վիրուսին թույլ տանք տարածվել, ապա միլիոնավոր մարդիկ վտանգի տակ կլինեն: Ինչպես նշել է Գուտերեշը, որքան ավելի ակտիվ է տարածվում, այնքան ավելի շատ շտամներ են հայտնվում. «շտամներ՝ ավելի վարակիչ, ավելի մահացու» և ավելի դիմացկուն պատվաստանյութերի նկատմամբ:
Գուտերեշը կրկնել է պատվաստումների գլոբալ պլանի իր կոչը՝ «պատվաստանյութերի արտադրությունն առնվազն կրկնապատկել և ապահովել դրանց արդարացի բաշխումը»: