08/07/2021 11:32
Հայաստանում գտնվող օտարերկրացիների շրջանում մեծ է պատվաստվելու ցանկությունը. նրանք կպատվաստվեն շարժական կետերում
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 186 նոր դեպք, կառավարության նիստին հայտարարեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: Նա ասաց, որ երեկվա դրությամբ 5093 թեստավորում է իրականացվել:
«Նկատում ենք թվերի մի փոքր աճ, ինչը մեզ ևս մեկ անգամ կարմիր լուսյով զգուշացնում է, որ պետք է արագացնենք պատվաստումների գործընթացը», - ասաց Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ 97 հազար 711 պատվաստում է իրականացվել:
«Արդեն իսկ նկատելի է պատվաստումների աճի տեմպը», - ասաց նա:
Անահիտ Ավանեսյանը նշեց, թե երեք առկա պատվաստանյութերն էլ բաց են բոլորի համար:
Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, թե երեկ ունեցել են մեկ օրվա պատվաստման ռեկորդային ցուցանիշ, ինչը կարևոր է: «Այս ցուցանիշը չպիտի նվազի, մենք պետք է ծավալները մեծացնենք, մանավանդ, որ, ակնհայտ է՝ պատվաստումների հետ կապված վստահությունը մեծանում է», - ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Նա նշեց, թե պատվաստման դեպքերից Հայաստանում ոչ մի մահվան դեպք չի գրանցվել:
Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանն էլ ասաց, թե Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների շրջանում մեծ է պատվաստվելու ցանկությունը:
Անահիտ Ավանեսյանն ասաց, որ երեկ որոշում են կայացրել, որ պոլիկլինիկաներն այսուհետ կսպասարկեն միայն ՀՀ քաղաքացիներին ու այստեղ կացության իրավունքով բնակվողներին, իսկ արտասահմանից ժամանած անձինք կարող են պատվաստվել շարժական կետերում:
«Մեր քաղաքացիները, տեսնելով օտարերկրացիների բուռն ռեակցիան, ևս պետք է ոգևորվեն ու ավելի հակված լինեն օգտվելու այդ բարիքից», - նշեց նախարարի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այսօր ահազանգ է ստացել, որ պոլիկլինիկաներում հերթեր են գոյանում ու սոցիալական հեռավորությունն ու հերթերի կարգը չի պահվում:
«Պետք է դրան ուշադրություն դարձնել», - հանձնարարեց Փաշինյանը: