09/07/2021 10:21
Դիլիջանում կանցկացվի Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված համերգ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հուլիսի 10-ին՝ ժամը 19:00-ին, կանցկացնի համերգ` նվիրված կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյա հոբելյանին:
Համերգը կայանալու է Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճում:
Համերգին հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ։ Համերգային ծրագրում Էդվարդ Միրզոյանի Լարային քառյակ, Սիմֆոնիա լարային նվագախմբի և գոսերի համար, Պոեմ-էպիտաֆիա կամերային նվագախմբի համար ստեղծագործություններն են։
Նշենք, որ Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տունը հիմնադրվել է 1963 թվականին։ Դահլիճի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է 1984 թվականին։ 2013 թվականից այն կրում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անունը։ Ականատեսների պատմելով՝ Էդվարդ Միրզոյանը մեծ մասնակցություն է ունեցել կառույցի շինարարական աշխատանքներում․ նա տեղյակ էր դրված ամեն մի քարից և ուշադրությամբ հետևում էր շինարարությանը։
Ժամանակին Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը հանդես են եկել մի շարք անվանի արտիստներ, որոնք իրենց նպաստն են բերել կառույցի կայացմանը և հեղինակության բարձրացմանը։
Էդվարդ Միրզոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված այս համերգը ոչ միայն հարգանքի տուրք է մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին, այլև նպատակ ունի նպաստել Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տան հանրահռչակմանը։