10/07/2021 11:00
«Անհապաղ ավարտել այս բանավեճը. դատավարությունը կարող է վերածվել ֆարսի». ՍԴ-ում դատավորների միջև անհամաձայնություններ կան
Սահմանադրական դատարանը շարունակում է 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ միավորված գործի դատաքննությունը:
Դատավոր Արևիկ Պետրոսյանը հայտարարեց, թե 1153 էջ նյութ ինքը չի ստացել։
«Ես ե՞րբ պետք է ուսումնասիրեմ այդ նյութը, որպեսզի իմ դիրոքորոշումը ձևավորեմ ու կարողանամ բազմակողմանի որոշում կայացնելու վերաբերյալ իմ օբյեկտիվ որոշումն ունենալ, եթե ինձ հասու չեն նյութերը», - դիմելով ՍԴ նախագահա Արման Դիլանյանին ՝ ասաց Պետրոսյանը։
Դատավոր Հրայր Թովմասյանն էլ ասաց, թե իրենց հետևում է ամբողջ երկիրը, գնահատականներ են տրվելու ու իրենք պետք է բոլոր ընթացակարգերը պահպանեն, որ ապագա որոշումը որևէ մեկի կողմից չքննադատվի ու խոցելի չլինի։
Նա կրկին միջնորդեց հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այս գործով որպես վկա հրավիրել ու լսել։
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարեց ՝ ՍԴ-ն իր բոլոր որոշումներում առաջնորդվում է միայն օրենքով ու Սահմանադրությամբ։
«Որևէ մեկը, առավել ևս, ՍԴ դատավորները, պարտավոր են ձեռնպահ մնալ հրապարակայնորեն կասկածի տակ առնելու այդ որոշումը կամ գործողությունները։ Երբ որ դատարանը կայացրեց որոշում, նշանակում է դատարանն այդ հարցը լուծեց, դատավորների մեծամասնությունը որոշեցին, որ այդպես է, մենք պարտավոր ենք դա ընդունել ի գիտություն, ուզենք, թե չուզենք, հակառակ մեկնաբանությունը բերելու է պարզապես անարխիայի ու այդ դատավարությունը վերածվելու է ֆարսի», - ասաց ՍԴ նախագահը։
Բանավեճ տեղի ուենցավ ՍԴ դատավորներ Արևիկ Պետրոսյանի ու Վահե Գրիգորյանի միջև, այն ընդհատեց դատավորներից Էդգար Շաթիրյանը։
«Ես առաջարկում եմ անհապաղ ավարտել այս բանավեճն ու անհապաղ անցնել գործի բուն քննությանը, հակառակ պարագայում՝ հանրությունն արդեն տևական ժամանակ դիտում է մեր ներքին բանավեճը», - ասաց Շաթիրյանը։