12/07/2021 11:35
Սյունիքի համայնքների ղեկավարների դեմ սկսած իշխանական արշավն ավելի շատ ահաբեկչություն է հիշեցնում. Տիգրան Աբրահամյան
Սյունիքի համայնքների ղեկավարների դեմ սկսած իշխանական արշավն ավելի շատ ահաբեկչություն է հիշեցնում, քան վրեժ, վենդետա կամ զուտ փոքր մարդու քմահաճույք, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Այսպիսի գործողությունները աններելի են ու աններելի են ոչ այնքան քաղաքական, որքան միջանձնային մակարդակում։
Համարենք, որ սրանց հաջողվի այդ մարդկանց 1, 3, կամ 5 տարվա ազատազրկման ենթարկել, բա հետո՞։
Այս ամենը ներման ենթակա չէ և մի օր գմփալու է, ինչի փլատակների տակ ոչ միայն կապիտուլյանտն է մնալու, այլ իրավապահ մարմինների տարբեր դեմքեր, որոնցից շատերն այդպես էլ չհասկացան, որ զոհասեղանին երկիրն է, մեր պետականությունը», - նշել է Աբրահամյանը։
Նշենք, որ կալանավորվել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին էլ, որը օրեր առաջ հրաժարական է ներկայացրել, բազմաթիվ դիմակավորված և ինքնաձիգավոր անձինք, ուժ ու բռնություն գործադրելով, պառկեցրել են գետնին, նկարահանել։
Հուլիսի 7-ին ՀՔԾ էր բերման ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։