12/07/2021 17:02
Հնդկաստանի հյուսիսում կայծակը մեկ օրում խլել է առնվազն 60 մարդու կյանք
Առնվազն 60 մարդ է մահացել նախօրեին Հնդկաստանի հյուսիսում կայծակի հարվածների պատճառով, հաղորդում է NDTV-ն:
Հանգստյան օրերին շրջանը ենթարկվել է մուսոնային անձրևների, որոնք ուղեկցվել են ամպրոպներով: Կայծակն Ուտար Պրադեշում 41 մարդու կյանք է խլել: Դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել գյուղական վայրերում, զոհերի շարքում են կանայք և երեխաներ:
Ռաջհաստանում կայծակը հարվածել է Ջայպուրի մոտակայքում գտնվող Սաթե ամրոցի դիտակետին և անմիջապես սպանել 11 զբոսաշրջիկների, որոնք այդ ժամանակ սելֆի էին անում: Եվս ինը մարդ է մահացել նահանգի ողջ տարածքում կայծակի առանձին հարվածների հետևանքով։
Վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է ֆինանսական փոխհատուցում տրամադրել զոհերի ու տուժածների ընտանիքներին: