12/07/2021 13:52
«Ամենամեծ բանը, որ երիտասարդներս պետք է յուրացնենք նրա անցած ճանապարհից, չհուսահատվելն է». Դիլիջանյան դահլիճի վերածնունդը՝ Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված համերգով
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ, կազմակերպեցին համերգ` նվիրված կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյա հոբելյանին:
Համերգը տեղի ունեցավ Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճում: Մինչ երեկոն ԿԵԱԿ-ն իրականացրեց անմխիթար վիճակում եղած դիլիջանյան տեղանքի մաքրման, նախապատրաստական աշխատանքներ: Դիլիջան էր տեղափոխել նաև համերգային աննախադեպ տեխնիկա և լուսային սարքավորումներ հավուր պատշաճի միջոցառումն իրականացնելու համար։ Իրականացված աշխատանքները ևս մեկ անգամ վերահաստատեցին, որ դիլիջանյան դահլիճը մեկ երեկոյի ընթացքում իսկական զարթոնք ապրեց։
Համերգին հանդես եկավ Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ։ Համերգային ծրագրում Էդվարդ Միրզոյանի Լարային քառյակ, Սիմֆոնիա լարային նվագախմբի և գոսերի համար, Պոեմ-էպիտաֆիա կամերային նվագախմբի համար ստեղծագործություններն էին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն իր ողջույնի խոսքում առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի աշխատակազմին՝ ի դեմս տնօրեն Նորայր Նազարյանի, Էդվարդ Միրզոյանի 100-ամյա հոբելյանի համերգին նոր բովանդակություն և իմաստ հաղորդելու համար։
«Ես հույս ունեմ, որ մեծանուն կոմպոզիտորի անունը կրող ստեղծագործական տանը կազմակերպված հոբելյանական համերգով այս կառույցում բուռն ստեղծագործական վերելքի սկիզբը կդրվի։ Էդվարդ Միրզոյանը տաղանդավոր էր կյանքի բոլոր ասպարեզներում։ Զարմանալի է, թե ինչպես կարող էր մարդկային մի կյանքում տեղավորվել այսքան գործ և մեզ թողնել այսքան հարուստ ժառանգություն։ Բոլորս գիտենք, որ ի դեմս Էդվարդ Միրզոյանի՝ գործ ունենք մեծանուն և մեծատաղանդ կոմպոզիտորի հետ. սա փաստ է։ Հետհայացք նետելով նրա անցած ուղուն՝ կարող ենք ասել, որ ի դեմս Էդվարդ Միրզոյանի՝ մենք գործ ունենք նաև օրինակելի քաղաքացու և զարմանալի հասարակական գործչի հետ։ Նա կարողացել է ստեղծել հարաբերությունների մի այնպիսի որակ, որոնք ապահովել են մշակութային կարևոր ենթակառուցվածքներ։ Այսինքն, մենք միաժամանակ գործ ունենք դիվանագիտական հմտություններ և բացառիկ քաղաքական բնազդ ունեցող անհատականության հետ»,-նշեց Արա Խզմալյանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հիշեց՝ Միրզոյանը հաճախ ասում էր՝ ես 90 տարեկան տղա եմ։ Եվ հենց այդպես էլ ապրում էր՝ տղայի սիրահարվածությամբ։
«Ամենամեծ բանը, որ երիտասարդներս պետք է յուրացնենք նրա անցած ճանապարհից, չհուսահատվելն է։ Պետք է պատասխանատվության զգացում ունենանք նրա թողած մեծ արվեստի հանդեպ։ Սովորենք այն արվեստը, որին այդքան փայլուն տիրապետում էր Էդվարդ Միրզոյանը, իսկ դա ապրելու արվեստն է»,-հավելեց նա։
Ելույթով հանդես եկավ նաև Հայաստանի կոմպոզիտորների միության նախահագ Արամ Սաթյանը, ով առանձնահատուկ շեշտեց՝ Միրզոյանը շատ ուրախ կլիներ այսքան մարդ տեսնել այս դահլիճում:
Համերգին ներկա էին նաև մշակութային ոլորտի հայտնի ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր, անվանի կոմպոզիտորի արվեստի երկրպագուներ, որոնք մեծ ջերմությամբ ընդունեցին նվագախմբի կատարումները։ Նվագախմբին բաց չթողեցին առանց «բիսի». հնչեց Միրզոյանի «Շուշանիկը»։
Նշենք, որ Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տունը հիմնադրվել է 1963 թվականին։ 2013 թվականից այն կրում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անունը։
Համերգի գլխավոր գործընկերներն էր SoftConstruct ընկերությունն՝ իր Panda MR և Hoory պրոդուկտներով։