12/07/2021 16:16
«Չբացված հույսի առավոտը». 44-օրյա պատերազմում նահատակված Ռուստամ Պողոսյանի վերադարձի օրը սիրելին պարային բեմադրությամբ կհիշատակի
Հուլիսի 28-ին՝ ժամը 18:30-ին, Իջևանի Մշակույթի տանը տեղի կունենա Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված տղաների հիշատակին նվիրված «Չբացված հույսի առավոտը» պարային ներկայացումը: Ներկայացման սցենարիստն ու բեմադրիչը պարուսույց Մերի Չիբուխչյանն է՝ Արցախում զոհված Ռուստամ սարկավագ Պողոսյանի ընտրյալը, ով սիրելիի նահատակվելուց հետո այդ օրն առաջին անգամ բեմ կբարձրանա:
«Երբ Ռուստամը պետք է գնար ծառայության, համացանցում պատահաբար աչքովս ընկավ Տա Թևերի «731 օր քեզ համար» գիրքը: Գնեցի ու կարդացի՝ ընթացքում հասկանալով, որ դրանից հրաշալի բեմականացում կստացվի: Շուրջ երկու տարի առաջ սցենարը գրեցի, պարերը բեմադրեցի, բայց համաճարակի պատճառով չկարողացանք ներկայացումը բեմ բարձրացնել», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց պարուսույցը:
Մերի Չիբուխչյանի՝ երկու տարի առաջ գրած սցենարով, տղան վերադառնում էր հաղթանակած: Ցավոք, ժամանակը փոխեց սցենարի վերջաբանը. գրքից իրականություն տեղափոխված պատերազմում մենք չհաղթեցինք, տղան՝ չվերադարձավ:
Պարային ներկայացման վերջում բեմում գտնվող մանուկների շուրթերից կհնչեն 44-օրյա պատերազմում զոհված տավուշցի 119 հերոսների անունները: Զրուցակիցս նկատում է՝ իր Ռուստամի գլխավորությամբ՝ ներկայացումը նահատակված բոլոր տղաներին է նվիրվում, սակայն ֆիզիկապես հնարավոր չի լինի բոլորի անունները հնչեցնել, այդ պատճառով էլ ստիպված են սահմանափակվել միայն տավուշցիների անունները բարձրաձայնելով:
«Կցանկանայի, որ մեր հերոսներին անդրադարձող միջոցառումներ պարբերաբար լինեին: Երբ զոհված տղաների տներ ենք գնում, զգում ենք, որ մարդիկ դրա կարիքն ունեն, ուզում են, որ իրենց զավակների մասին հաճախ խոսեն, պատմեն: Տարվա մեջ գոնե մեկ անգամ այդ երեխաների անունները պիտի հիշատակվեն, նրանք չպետք է մոռացվեն», - շեշտում է նա:
Հուլիսի 28-ը պատահական ընտրված օր չէ: Հենց այդ օրը ծառայությունից պետք է վերադառնար Ռուստամը: Սակայն, ցավոք, այդ օրը կլրանա Ռուստամի զոհվելու 9 ամիսը: Մերին պարը բեմադրել է, բայց բեմ դուրս գալ կդժվարանա, չի էլ պատկերացնում այդ պահը:
«Նա իմ համերգներին միշտ ծաղիկներով գալիս, առաջին շարքում էր նստում: Ելույթից հետո էլ գովաբանության խոսքեր էր շռայլում, հպարտանում էր ինձանով... Թևերս կոտրվել են, փորձեցի պարել, բայց չստացվեց: Չեմ էլ պատկերացնում՝ ինչպես եմ բեմ դուրս գալու, նայեմ առաջին շարքերում նստածներին ու նրան չտեսնեմ... Ես ասել եմ, որ այլևս երբեք չեմ պարելու, ու այդպես էլ կանեմ: Հիմա, երբ երեխաների հետ պարապում եմ, զգում եմ՝ թևերս չեն բարձրանում, երաժշտություն լսել չեմ կարողանում, այդ երաժշտությունները չեմ սիրում... ես իմ բնագավառն էլ այլևս չեմ սիրում», - արտասվելով կիսվում է զրուցակիցս:
Հանդիսատեսի շարքում են լինելու 44-օրյա պատերազմում զոհված տավուշցի հերոսների հարազատները, Տավուշի մարզպետը, Իջևանի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, Մշակույթի տան տնօրենը, Թեմի առաջնորդը, Մերիի ու Ռուստամի ընկերները: Հյուրեր են լինելու նաև մայրաքաղաքից: Ներկայացման մուտքն ազատ է:
Միջոցառման աջակիցներից է Իջևանի քաղաքապետարանը, սահմանափակ թվով հրավիրատոմսերն ու ֆոտոսեսիաները կազմակերպել են Մերիի ընկերները, Մշակույթի տան տնօրենն էլ 1 ամիս բեմն է անվճար տրամադրել՝ փորձերի ու վերջնարդյունքի համար:
Մերի Չիբուխչյանը Ռուստամ Պողոսյանի մասին նաև գիրք է գրում: