13/07/2021 10:03
«Ժողովուրդ». Ինչ են քննարկել «Իմ քայլը» խմբակցության անդամները Փաշինյանի հետ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանգստյան օրերին հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Ըստ թերթի տեղեկությունների՝ Փաշինյանը որոշել է թիմին անձամբ ներկայացնել խորհրդարանի նոր կազմին ԱԺ նոր նախագահի, փոխնախագահների թեկնածուներին, խմբակցության ղեկավարին ու քարտուղարին:
«Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանական ֆրակցիան, կարելի է ասել, համակերպվել է ՔՊ վարչության անդամների որոշման հետ, քանի որ խմբակցության համաձայնությանը չեն էլ սպասել, որոշել են ու եկել ներկայացրել:
Իմքայլականների մի ստվար զանգված այդքան էլ կողմ չի եղել հատկապես ԱԺ փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի թեկնածությունների հետ, բայց քանի որ ոչ մի ձևով չեն կարողացել որոշման վրա ազդել, լուռ համաձայնել են: Նիկոլ Փաշինյանն ասել է թիմին, որ այս անգամ խորհրդարանը պետք է ավելի զգոն ու զգաստ լինի, քանի որ այլ ընդդիմություն է օրենսդիր մարմին մտնում:
Օրենսդիրներին Փաշինյանը կոչ է արել զգաստանալ ու սկսել աշխատել: Ի դեպ, երեկ էլ խմբակցությունից պատգամավորները հեռախոսազանգեր են ստացել. ճշտել են՝ ովքեր են քաղաքում, կկարողանան 67 ձայն ապահովել հուլիսի 14-ին կամ 15-ին Աժ արտահերթ նիստ հրավիրելու համար: Օրը դեռ վերջնական չէ, օրակարգում նախատեսված է ներառել հիմնականում երկրորդ ընթերցման հարցեր», - գրել է թերթը: