13/07/2021 09:49
«Փաստ». Փոխվարչապետներ կնշանակվեն Արթուր Ջավադյանը և Սուրեն Պապիկյանը
«Փաստ» թերթը գրում է. «Չնայած Սահմանադրական դատարանը դեռևս շարունակում է քննարկել հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ միավորված գործը, և դժվար է կանխատեսել, թե ինչ որոշում կկայացվի հուլիս 17-ին, սակայն իշխանության ներսում ակտիվորեն քննարկվում է տարբեր պաշտոններում թեկնածուների հարցը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ամենաբարդը ԱԳ նախարարի հարցն է: Ըստ մեր աղբյուրների, Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի նախարար նշանակել ոչ թե «համակարգից», այլ քաղաքական անձի: Ըստ այդմ, այս պահին, կարծես, ընտրվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի թեկնածությունը, որն, ի դեպ, վերջին շրջանում բավական ակտիվ է միջպետական հարաբերությունների ու բանակցությունների առումով:
Նույն աղբյուրները փոխանցում են, որ փոխվարչապետներ կնշանակվեն ՀՀ ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը և Փաշինյանի ամենահավատարիմ «զինակիցներից» մեկը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը»։