13/07/2021 10:27
Ռուս խաղաղապահները մարդասիրական-բժշկական ակցիա են անցկացրել Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղում
Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները և ՌԴ խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման ռազմական բժիշկները կազմակերպել են հումանիտար-բժշկական ակցիա:
Ռուս ռազմական բժիշկների ժամանմանը գյուղապետարանը տեղական հիվանդանոցում աշխատանքային սենյակներ էր պատրաստել տեղի բնակիչներին որակյալ բժշկական օգնություն տրամադրելու համար:
«Մեր գյուղում ունենք մոտ 1400 մարդ և ևս 160 փախստական: Մեր հիվանդանոցում բժիշկներ չկան, միայն բուժքույրեր են: Բժիշկների կարիք շատ ունենք: Շնորհակալություն խաղաղապահներին օգնության համար», - ասել է Վանքի գյուղխորհրդի ղեկավարի տեղակալ Սերգեյ Բաղրամյանը:
Բժշկական ընդունելիության ընթացքում հատուկ նշանակության ջոկատի բժիշկները գյուղի բնակիչներին ցուցաբերել են խորհրդատվական և որակյալ բժշկական օգնություն:
Մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցները ռուսական ՀԿ-ների կողմից տեղական հիվանդանոցին նվիրել են շուրջ 2 տոննա բժշկական պարագաներ: Նաև արշավ են անցկացրել՝ բազմազավակ ընտանիքներին, ներքին տեղահանվածներին և կարիքավոր տեղացի բնակիչներին սննդի հավաքածուներ, առաջին անհրաժեշտության իրեր, տաք հագուստ և մանկական խաղալիքներ բաժանելու համար:
«Այս պահին Վանք գյուղում ապրում է ներքին տեղահանված 68 ընտանիք, այդ ընտանիքներից 21-ը բազմազավակ ընտանիքներ են, որոնց համար մենք մարդասիրական օգնություն ենք բերել», - ասել է մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:
Ընդհանուր առմամբ, մարդասիրական ակցիայի ընթացքում փոխանցվել է ավելի քան չորս տոննա բեռ: