14/07/2021 08:59
Հրաձգություն Գորիսում Սյունիքի ներկա ու նախկին մարզպետների մտերիմների մասնակցությամբ
Հուլիսի 13-ին կրակոցներ են հնչել Գորիսում։ Ժամը 00։30-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երկու քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկություններ տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։
Քննիչները պարզել են, որ վիրավորները Գորիս քաղաքի բնակիչներ Հարություն Վարդանյանն ու Մելիքսեթ Բարսեղյան են, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել Գորիս քաղաքի Ակսել Բակունցի հուշարձանին հարակից տարածքից։ Ըստ տեղեկությունների՝ նշված վայրում մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ նշված անձինք վնասվածքներ են ստացել։
Շամշյանի տեղեկություններով վիրավորներից Հարություն Վարդանյանը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդի՝ Կարենի ընկերն է, իսկ Մելիքսեթ Բարսեղյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդին է։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը դեպքի վայր է ժամանել նաև Սյունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը։ Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Tert.am-ը հայտնում է, որ կրակոցները հնչել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հարազատների, այդ թվում՝ ավագ որդու և Սյունիքի ներկա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հարազատների, մասնավորապես որդու՝ Կարապետ Պողոսյանի մասնակցությամբ։
Ըստ աղբյուրի` կա մեկ վիրավոր՝ Մելիքսեթ Բաղդասարյանը, որը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներձագն է։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է, տեղափոխում են Երևան։